1470 թւականին, Յովհան Գուտենբերգի մահից երկու տարի միայն անցած, Պարիզի համալսարանի րեկտօր Ֆիշէ գրում էր գիտնական Րօբերտ Հագէնին.
«Ինչպէս ասում են, Մայնց քաղաքից ոչ հեռու ապրում էր ոմն Յովհան Գուտենբերգ, որ հնարեց տպագրութեան արուեստը… Այս մարդը ճշմարտապէս արժանի է, որ բոլոր մուսաները, բոլոր արուեստները եւ մարդկային բոլոր այն լեզուները, որոնք օգտվում են գրքից, փառաբանեն նրան աստուածային գովեստներով»։
Այժմ տօնվում է Գուտենբերգի ծննդեան հինգ հարիւր ամեայ տարեդարձը եւ աստուածային գովեստները լսվում են քաղաքակրթված աշխարհի բոլոր կողմերից։ Լուռ չը պիտի մնանք եւ մենք, քանի որ մենք էլ մէկն ենք այն լեզուներից, որոնք այնքան երախտապարտ են Գուտենբերգին։
Տասն երեք տարուց յետոյ չորս հարիւր տարի կանցնէ այն օրից, երբ լոյս տեսաւ առաջին հայերէն առաջին տպագրած գիրքը: Չորս դարերի այդ երկար շրջանում եթէ հայկական կեանքի մեջ կարելի է գտնել մի մխիթարական երեւոյթ,- դա միայն տպարանական մամուլն է։ Չորս դարերի մեր պատմութիւնը այդ հրաշալի գործիքի պատմութիւնն է.— մենք, ի հարկէ, այն պատմութիւնը չունենք ի նկատի, որ հայի արեան, արտասունքների եւ ստրկութեան մասին է խօսում, այլ այն պատմութիւնը, որի առարկան մեր կուլտուրական ու մտաւոր առաջադիմութիւնը պիտի լինի։
Ճիշտ է, կար եւ մի այլ ասպարէզ—վաճառականութիւնը, ուր հայը ցոյց էր տալիս իր կուլտուրական ընդունակութիւննները։ Բայց վաճառականութեան մասին դեռ Արիստօտէլն ասում էր. «Ոսկին դարձե է նպատակ, մինչդեռ նա պիտի լինի