որոնք վար անել էին տալիս և տարվայ մեծ մասր գիւղերում էին անցկացնում։
Եթէ այդպէս էր հոգևոր իշխանութեան կենտրօնը, ի՞նչ կը լինէր միւս տեղերում։ Վանքերում ապրում էին վայրենացած վարդապետներ, որոնք վաղուց մոռացել էին, թէ իրանք հոգևորական են․ նրանք զբաղված էին տնտեսութեամբ, հարստանալու միջոցներ էին որոնում, որպէս զի վայելեն իրանց ազգականների և հարճերի հետ, որոնցով լի էին վանքերը։ Այդ սևագլուխները վարդապեական զգեստներ էլ չէին հագնում, այլ պճնվում էին հարուստ աշխարհականների ձևով։ Աւելի վատ էին գիւղական քահանաները։ Սրանք անունով միայն եկեղեցու պաշտօնեայ էին, իսկ իրապէս եկեղեցու հետ ոչինչ գործ չունէին։ Քահանան գիւղում աշխատում էր մէլիքի կամ տանուտէրի պաշտօն ձեռք բերել, որպէս զի կարողանայ լաւ կեղեքել․ եկեղեցու դռները չէին բացում, ժամասացութիւն անգամ չէր լինում, որովհետև քահանան երկրագործ էր, արհեստաւոր, մի խօսքով ամեն ինչ, բայց ոչ քահանայ։ Կային շատ այնպիսիները, որոնք մահմեդական իշխողների ստրուկներն էին, շահում էին նրանց սիրտը մատնութիւններով։ Դա ամեն կողմով զրկված ու դժբախտ մի ժողովուրդ էր․ նրան հարստահարում էին ամենքը՝ թագաւորական գահից մինչև եկեղեցական իերարխիայի ամենաստորին աստիճանը։ Նրա կեանքը, նրա ստացուածքը հարիւրաւոր գիշատիչ տէրեր ունէին, իսկ հոգին խաւար էր, անապատ։ Այդ դրութիւնն էր հասցրել նրան այն