ճանապարհն էր համարվում արքայութեան դռները բաց անելու համար։ Չափազանցութիւնները, որոնք յաճախ վայրենութեան էին հասնում, հին մարդուն հիացմունք էին ազդում։ Ճգնաւոր անապատականութիւնը մարդկութեան կորած մասն էր և իր բացասական կողմերով աւելի յետադիմութեան, ֆանատիկոսական խաւարին էր նպաստում։
Բայց երբեք այդ առանձնացած, աշխարհից ձեռք վերցրած դասակարգը էական օգնութիւններ էլ էր հասցնում մարդկութեան։ Հայերի մէջ ճգնաւորութիւնը քրիստոնէութեան հետ հաստատվեց։ Եղել են շատ անօգուտ ճգնաւորական հաստատութիւններ։ Բայց եղել է և ս․ Մեսրոպի պէս ճգնաւոր, որ հայերին տուել է գիր և գրականութիւն։
Ահա այս Սարգիս եպիսկոպոսն էլ վճռում է թողնել Սաղմոսավանքը, աւելի հեռանալ կեանքից, աւելի կտրվել աշխարհից։ Նա գտնում է իր նման մէկին։ Ո՞րտեղից որտեղ։ Տրապիզօնի հայ քահանաներից մէկը, Կիրակոս անունով, զրկվում էր իր կնոջից նոյնպէս վճռում է ճգնաւոր դառնալ։ Լսելով Սարգսի մասին, նա որոնում է և գտնում նրան Երուսաղէմի մէջ։ Այդտեղ երկուսը եղբայրանում են, և վերադառնալով Հայաստան, որոնում են յարմար տեղ ճգնաւորական կեանքի համար։ Եւ այդպիսի տեղ նրանք գտնում են Սիւնիքի լեռնաստանում, Տաթևի վանքի մօտերքում։
Այժմեան Զանգեզուրի կողմից դէպի Տաթև գնացողը, լեռնադաշտի լայնութեամբ երկար և ձանձրալի