Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/161

Այս էջը հաստատված է

 Մեծ Անապատը մեր խաւար իրականութեան մէջ։ Գիտնականներ այնտեղից չէին դուրս գալիս. կան շատ փաստեր, որոնք ցոյց են տալիս թէ պարզ գրագիտութիւնից հեռու չէր գնում անապատական կրթութիւնը։ Բայց մաքրութիւն, ընդհանուր բարիքի իդէալ, գրասիրութիւն-այսքանը առատութեամբ կար Որոտնայ գետի ափին: Եւ այդտեղից դուրս եկաւ բարեկարգութեան, վերանորոգութեան ոգին, որ սկսեց տարածվել զանազան կողմեր Արևելեան Հայաստանում, բարձրացաւ Էջմիածնի աթոռի վրա։ Միանգամից, յանկարծակի չը տիրապետեց այդ ոգին։ Նա կատարեալ էլ չէր, գործունէութեան ասպարէզում, ինչպէս շուտով կը տեսնենք, զգաց իր պակասութիւնները․ դեռ զարգացման, կատարելագործութեան շրջան կար նրա առջև։ Բայց գլխաւորը, ի հարկէ, հիմքն էր։ Եւ այդ հիմքի վրա կառուցվեց մի ամբողջ պատմական համակրելի շրջան։

Ո՞վ կարող էր կարծել թէ ապականված բարքերի, խաւար տգիտութեան դէմ մարտնչողներ պիտի դուրս գան Սիւնեաց երկրի խորխորատներից։ Դրանք համարձակ քարոզիչներ էին, դրանք աշակերտներ էին պահում, որոնք իրանց ստացած տգիտութիւնը հաղորդում էին իրանց աշակերտներին։ Ահա ինչպիսի դպրոց էր Մեծ Անապատը։ Սիւնեաց դպրոցի աշակերտ լինելու համար անպատճառ Տաթևի ձորը գնալ չէր հարկաւոր. այդ դպրոցի սաները պատրաստվում էին զանազան տեղերում․ Չարէքի վանք, Էջմիածին, Նոր-Ջուղայ։ Որովհետև հիմքը Մեծ Անապատն էր. բոլոր