ուսուցիչների հոգևոր ծագումը այդտեղից էր։ Եւ Մեծ Անապատը երկար ժամանակ գոյութիւն էլ չը պահպանեց։ Նա սկիզբ դրեց, կորիզ դարձաւ, իսկ նրա գործը շարունակվում էր և այն ժամանակ, երբ նա ինքը այլ ևս գոյութիւն չունէր իբրև այդքան յայտնի միաբանութիւն։
Բնական երևույթ է, որ ամեն մի բարձր, գաղափարական գործ ատելութեան և հալածանքի է արժանանում ժամանակակից խաւար տարրերի կողմից։ Մեծ Անապատը, իբրև մի այնպիսի հիմնարկութիւն, որ մարտնչում էր շրջապատող խաւարի դէմ, բոլորովին ազատ չը մնաց այդ տեսակ վերաբերմունքից։ Այնտեղից դուրս եկած վարդապետները համարձակ քարոզում էին անշահախնդրութիւն, դատապարտում էին հոգևորականութեան անբարոյական արարքները։ Պարզ է որ նրանց պիտի ատէին կեղեքող, անունով միայն հոգևորական կոչվող մարդիկ։ Եւ որովհետև այդ փչացած դասակարգի ամենաբարձր արտայայտութիւնը Մելքիսէթ կաթողիկոսն էր, ուստի նա էլ Մեծ Անապատի առաջին հակառակորդը դարձաւ:
Այդ վեղարաւոր խանը սաստիկ հալածանքներ հանեց վերանորոգիչ վարդապետներից մի քանիսի դէմ, բայց նրա ստոր մատնութիւնները գործին շատ չը վնասեցին։ Մեծ Անապատի վարդապետներից մէկը, Մովսէսը, որ Սիւնիքի Բաղաց գաւառի Խոտանան գիւղից էր, զարմանալի եռանդուն գործունէութիւն ցոյց տուեց։ Դա շատ ճանապարհորդած, շատ խելօք, մի և նոյն ժամանակ վերին աստիճանի անշահասէր մի մարդ էր: