Մելքիսէթը շատ ընկաւ Նրա ետևից, շատ փորձեց իր խանական իշխանութեան դառնութիւնը ճաշակել տալ նրան, մինչև իսկ կեղծ մուրհակ շինել տալով, քաշեց Նրան պարսից դատարանը և ամիսներով չարչարեց, բայց և այդպէս, Մովսէսը չընկճվեց, ցոյց տուեց մեծ քաջութիւն և եռանդ ու վերջ ի վերջոյ յաղթող հանդիսացաւ։
Քանի՛ քանի՛ անգամ այդ հոգևորականը գընաց Պարսկաստանի խորքերը, եկեղեցու բարեկարգութեան համար Շահերին խնգիրքներ ներկայացնելու համար։ Դառնալով էջմիածնի վանքի լուսարարապետ, նա վերանորոգեց քարուքանդ եղած մայր տաճարը, մեծ դպրոց բաց արաւ Յովհաննավանքում, որ ղարձաւ փոքր ի շատէ պատրաստված, պարտաճանաչ հոգևորականներ պատրաստող մի հիմնարկութիւն: Մելքիսէթի աւերումներից յետոյ հարկաւոր էր մի այդպիսի շինարար գործիչ. Մովսէսն էր, որ յետ գնեց Մելքիսէթի և միւսների վաճառած եկեղեցական սրբութիւններն ու անօթները։ Դառնալով Էջմիածնի կաթողիկոս, նա իրանով բաց արաւ բարեկարգութիւնների մի շրջան: Նրա աշակերտն էր Փիլիպպոս կաթողիկոսը, որ յաջորդեց նրան։ Այս Փիլիպպոսի աշակերտն էր XVII դարի հայոց միակ գրական պարծանքը — Առաքել Դաւրիժեցին, որ յայտնի է իր գրած «Պատմագրութեամբ»։
Սիւնեաց դպրոցը դեռ ուրիշ շատ գործիչներ էլ է տուել, որոնցից մի քանիսի հետ մենք կը ծանօթանանք յետոյ։