նրա աշակերտները շուտով ձանձրացան յունական փիլիսոփայութիւնից և թողին իրանց դասերը։ Միայն մի հատ մարդ գտնվեց Մեծ Անապատում, որ սաստիկ սիրեց «արտաքին գիտութիւնները» և հէնց այդ պատճառով էլ չը հեռացաւ Ներսէս վարդապետից։ Դա Մելքիսէթ անունով միաբանն էր, Արարատեան երկրի Վժան գիւղից։ Մի վերին աստիճանի հետաքրքրական դէմք, որ աշխատասիրութեան մէջ ինքնամոռացութեան հասաւ և դարձաւ Բարսեղ վարդապետի արժանաւոր յաջորդը:
Ներսէս Մոկացին, հետևելով Մեծ Անապատի մէջ հաստատված սովորութեան, մտածեց մի անապատ հաստատել երկրի մի այլ կողմում։ Նա ընտրեց իր հայրենի կողմերը և ճանապարհվեց այնտեղ։ Մելքիսէթը գնաց նրա հետ։ Վանի ծովակի Լիմ կղզում Ներսէսը անապատ հիմնեց և Մելքիսէթը այդտեղ վերսկսեց գիտութեան ուսումնասիրութիւնը Բարսեղ վարդապետի մեթօդով։ Սկզբում նրա հետ միացան հինգ միաբանակիցներ էլ: Պայմանաւորված էր որ ամեն մէկը առանձին առանձին կարդայ գրքերը, իսկ ամեն օր մի ժամ վեց հոգին հաւաքվում էին մի տեղ և իւրաքանչիւրը բացատրում էր իր կարդացածն ու հասկացածը։ Բայց ընկերակցութիւնը քանդվեց երկու տարուց յետոյ. հինգ հոգին ձանձրացան և հեռացան գործից։ Մնաց Մելքիսէթը, բայց նա չը հեռացաւ, չը յուսահատվեց։
Մենակ, յոյսը իր վրա դրած, նա ամբողջ տասը տարի տանջվեց, կամ, ինչպէս գեղեցիկ