ու հոգացողութիւնը։ Ջուղայեցիների և Մարնունցի մահմեդականների մէջ տեղի է ունենում մի ինչ–որ կռիւ։ Եւ ահա ինչ է գրում Շահ–Աբբասը իր բարձր պաշտօնեաներից մէկին․
Փարաւազ, երեսները պարզ լինի նրանց (Մարնունցիների), այդ է հիւրեր պահելու եղանակը։ Որովհետև այն ժողովուրդը (հայերը) ի պատիւ մեր բաժանվել է իր հայրենիքից (ուր բնակված էր հազար տարիներից ի վեր) և թողնելով ոսկու և մետաքսի բեռները, եկել է ձեր տունը․ արժե՞ հարիւր հատսեխի և հարիւր լիտր, խաղողի և բամբակի համար կռւել նրա հետ։ Ջուղայում կար տուն, որի ծախսը եղել է երկու հազար թուման[1]. այդպիսի տները աւերեցին և վերցնելով իրանց ընտանիքները, եկան այստեղ։ Արժանի՞ բան է նրանց հետ այդպէս վարվելը։ Շատ և շատ վատ էք գործել։ Զարմանք է որ հայերը չեն սպանել Մարնունի մարդկանց[2]։
Սա արդէն հրաշքի պէս մի բան էր մահմեդական պետութեան մէջ։ Այս պատմական վաւերագրի հետ այսօր էլ Նոր–Ջուղայի ժողովրդի մէջ մնացել են աւանդութիւններ, որոնք նոյն հրաշքն են հաստատում։
Ասում են թէ մի անգամ Շահ–Աբբասը անցնում էր ձիով։ Մի հարբած հայ բռնում է ձիու սանձից և հարցնում է՝ քանո՞վ ես ծախում այս ձին, որ ես ուզում եմ առնել։ Շահը հրամայում է իր ծառաներին որ հարբածին տուն տանեն և միւս օրը բերեն իր մօտ։ Հայը, երբ սթափվում է և իմանում թէ ինչ է արել, սարսափահար է դառնում։ Բայց նա մի խելօք կին է ունենում և նրա