դժբախտացած հայերը կարող էին գոնէ այն բանով մխիթարվել, որ անգթութիւնը Շահ-Աբբասի բնաւորութեան մի գիծն էր, որ արտայայտվում էր նոյն իսկ իր հարազատների վերաբերմամբ։ Վախենալով որ իր որդիները կարող են գահը խլել իր ձեռքից, Շահ-Աբբասը, ինչպէս այդ յատուկ է արևելեան բռնապետներին, սպանեց իր մեծ որդուն, իսկ մնացած երկուսին կուրացրեց․․․
Ջուղան այդ երկու աղէտալի դէպքերում էլ հանդարտ ու գոհ էր։ Նրան ձեռք տուող չեղաւ, նա շարունակում էր հարստանալ։ Վաճառականութիւնը դրանից աւելի բարեբախտութիւն չէ էլ ճանաչում։ Շահ-Աբբասը շարունակում էր նրան փայփայել, անել նրա համար այն ամենը, ինչ կարելի էր։ Հայ վաճառականների ցուցմունքով էր, որ Շահ-Աբբասը իր թագաւորութեան վերջին տարիներում դաշնակցութիւն հաստատեց Հնդկաստանում գործող անգլիական հռչակաւոր առևտրական ընկերութեան հետ և նրա օգնութեամբ խլեց պօրտուգալացիների ձեռքից Հօրմուզ նեղուցի վրա գտնվող մի գեղեցիկ նաւահանգիստ, որին տուեց Բէնդէր-Աբբաս անունը։ Այդ ճանապարհը հարկաւոր էր հայերին` Հնդկաստանի հետ առևտրական յարաբերութիւններ պահպանելու համար։
Այս նախանձելի դրութիւնը, այս հարստութիւնները, պարսից կառավարութեան կողմից մեծամեծ արտօնութիւններ վայելելը ստեղծեցին Ջուղայի համար մի առանձնաշնորհված, բարձր դիրք։ Ամբողջ հայութեան մէջ չը կար մի ուրիշ այդ տեսակ կենտրօն։ Եւ շատ բնական էր, որ