ամենքի աչքը դարձրած լինէր այդ հեռաւոր, փարթամ գաղթականութեան վրա։ Ջուղան մի մեծ հեղինակութիւն դարձաւ և առանց նրա համաձայնութեան չէր կարող վճովել ոչ մի նշանաւոր ազգային գործ։ Էջմիածինը ենթարկված էր նրան, կաթողիկոսի ընտրութեան գործում առաջին ձայնը պատկանում էր Ջուղային։
Եւ պետք է ասել որ Ջուղայի գաղթականութիւը ի չարը չէր գործ դնում իր մեծ հեղինակութիւնը։ Ընդհակառակն, նա նախանձախնդիր էր եկեղեցական բարեկարգութեան, դիմադրում էր փառամոլ կաթողիկոսներին և իր հարստութիւններից մաս էր հանում բարի գործերի և ձեռնարկութիւնների համար։ Այդ զարմանալի յատկութիւնը աւելի ևս հռչակում էր ջուղայեցուն, հռչակում էր ոչ միայն արտասահմանում, ուր նա միշտ օգնող ու խրախուսող էր հանդիսանում, այլ և տանը, Պարսկաստանում։ Ջուղան միայն ճարպիկ և ընդունակ վաճառականներ չէր հանում իր միջից, այլ և դարձաւ մի միջավայր, ուր խրախուսվում էր հասարակական և գրական գործունէութիւնը։ Այդ կողմից էլ նա XVII դարում բարձր հանդիսացաւ բոլոր հայաբնակ տեղերից։
Ջուղայի հիմնարկութեան հետ միասին հիմնվեց և Ամենափրկչի վանքը։ Այդտեղ ահա մուտք գործեց Սիւնեաց դպրոցը, որ․ ինչպես կը տեսնենք, պատրաստեց մի շարք երախտաւոր գործիչներ։ Չէ կարելի երևակայել XVII դարի հայութեան մէջ կրթական-մտաւոր գործունէութիւն առանց Ջուղայի հզօր աջակցութեան և խրախուսանքի։