պատմական յիշատակարաններ գրվում են թաթարերէն․․․ Նոյն իսկ եկեղեցական երգերը հայերէնից թարգմանվում են թաթարերէնի, որպէս զի ժողովրդին հասկանալի լինեն․․․
Միանգամայն աւելորդ դարձնելով մայրենի լեզուն, լեհահայը աւելորդ պիտի համարէր և հայերէն տպագրութիւնը։ Լեհաստանի ճոխ ու փարթամ հայ գաղթականութեան մտաւոր ողորմելի կացութեան մի ամենամեծ փաստն էլ այն է, որ նա տեղ չունի մեր տպագրութեան պատմութեան մէջ: Եւ եթէ ի նկատի ունենանք, որ հայը առհասարակ ուրիշին նմանվելու, ուրիշից ընդօրինակելու մի առանձին ընդունակութիւն ունեցող ազգ է, այդ փաստը համարեա անհաւատալի կը թւայ։ Ամեն օր շփվելով գերմանացի և լեհ ազգերի հետ, ունենալով մի այնպիսի կենտրօն, ինչպէս Լվօվ քաղաքն էր, հայերր տպարան չը հիմնեցին, գիրք չը տպագրեցին։ Մեր խօսքը բուն լեհահայերի մասին է, թէ չէ՝ XVII դարի առաջին հայ տպագրութիւնը լոյս է տեսել հէնց այդ Լվօվ քաղաքում («Սաղմոս», 1616 թ․)։ Բայց Լեհաստանի այս առաջին և վերջին տպագրութիւնը եղել է Հայաստանից եկուոր մի հայի, բաղիշեցի Քարմատանենցի ձեռքով, ուրեմն միայն տպագրութեան տեղովն է լեհահայ գաղթականութեան վերաբերվում[1]:
- ↑ Զարմանալի չէ որ նոյն իսկ եկեղեցական գրքեր արտագրելը Լեհաստանում, ինչպէս երևում է յիշատակարաններից, մեծ մասամբ ընկած էր Հայաստանից գնացած հոգևորականների վրա: