համար։ Եկեղեցին սաստիկ զօրեղացաւ, պետական եկամուտների մեծ մասը նա էր կլանում, այնպէս որ պետութեան առաջնակարգ կարիքների համար էլ յաճախ միջոցներ չէին գտնվում։ Իսկ միայն եզուիտների գանձարանը տարեկան 400․000 ոսկի էր մտնում։ Ոչինչ չէր պակասում՝ 2000 հոգուց բաղկացած եզուիտական բանակին ամենակարող ոյժի դիրք տալու համար։ Սիգիզմունդ երրորդը շրջապատված էր եզուիտներով, նրանց էր լսում, նրանց յորդորներով էր գործում։
Եւ առաջադէմ, լուսաւոր Լեհաստանը, այն երկիրը, որ գրական ոսկեդարի պտուղներն էր վայելում և որ կարող էր հովանաւորել, առաջ տանել մարդկային իրաւունքների, աշխարհական ազատութեան անունով Եւրօպայում սկսված շարժումը, այդ իսկ Լեհաստանը ընկղմվեց մռայլ ֆանատիկոսութեան մէջ, սկսեց գլորվել դէպի անկման անդունդը, ուր պիտի կորչէր իբրև քաղաքական մարմին։
Այդ ծանր, սարսափելի զոհը ոչինչ էր եզուիտների համար։ Նրանք այսպէս էին մտածում. մի ժողովուրդ կարող է կորչել, բայց նրա տեղը դատարկ մնալ չէ կարող, անպատճառ մի ուրիշ ժողովրդի բնակութեան տեղ կը դառնայ. կարևորը այդ չէ, այլ այն, որ այդ երկրի վրա թագաւորէ պապական եկեղեցին։ Եւ այդ յաղթական արշաւանքի առջև ճանապարհ հարթելու համար կռիւ յայտարարվեց ամեն մի ազատ մտքի դէմ, ամեն մի կրօնի դէմ, որ Հռօմին չէ հպատակվում։
Հայկ. Տպագր., I