Մեր բերած ցուցակը ցոյց է տալիս որ այս կամ այն ազգի տպագրութիւն հաստատվեց նոյն ազգին պատկանող երկրում։ Այսպէս չէր և այսպէս չէր էլ կարող լինել հայկական տպագրութիւնը. 1512-1513 թւականների հրատարակութիւնները Հայաստանի մէջ չը լոյս տեսան, այլ նրանից շատ և շատ հեռու մի տեղ, Վենետիկում։
Իւրաքանչիւր ազգ մի առանձին պարծանքով է պահում իր առաջին տպագրիչի անունը։ Իսկ մենք չը գիտենք թէ ո՞վ էր որ առաջին անգամ հայերէն տառեր ձուլեց և գիրք տպեց։ Ճիշտ է, 1513-ի հրատարակութիւնների մէջ յիշատակվում է մի ոմն Յակոբ, բայց այս մարդու մասին մենք ոչ մի տեղեկութիւն չունենք։ Եւ հազիւ թէ Յակոբը եղած լինի առաջին հայ տպարանատէրն ու տպագրիչը։ Միանգամայն հաւանական է, որ այդ բոլոր վենետիկեան հրատարակութիւնները տպագրված են իտալական տպարանում, իտալացիների ձեռքով։
Վենետիկը, հայերի լուսաւորութեան այս գեղեցիկ հայրենիքը, փառաւոր տեղ է գրաւում տպագրութեան պատմութեան մէջ։ Իտալական քաղաքներից ոչ մէկը հարուստ ու լուսաւոր Վենետիկի պէս չը հռչակվեց իր տպարանական գործերով։ Ադրիական ծովի չքնաղ թագուհին ոչ միայն կատարելագործեց տպագրական տառերը, զարմանալի նրբութեան հասցրեց արուեստը, այլ և առաջինն էր, որ ցոյց տուեց թէ ինչ կոչում ունի տպարանը մարդկութեան համար։ Տպագրութիւնը Վենետիկ մտաւ 1469 թւին։ Այդ ժամանակից