միւս կողմից։ Լեհահայ ժողովրդի արիւն-արտասունքով է գրված այդ 55-ամեայ պատմութիւնը, -մի ժողովրդի, որ դարաւոր պանդխտութեան մէջ կորցնելով իր ազգային ստացուածքները, պինդ կպել էր իր մայրենի եկեղեցուն և ուզում էր որ գոնէ այդ սեփականութիւնը չը խլվի:
Բայց ի՞նչ օգնութիւն կարող էին ունենալ հայերը այդ անհաւասար կռւի մէջ։ Նրանց ամբողջ յոյսը դրված էր Էջմիածնի վրա։ Սակայն Ասիայի մի անկիւնում խարխուլ, կիսաքանդ դրութեան մէջ հազիւ իր աւերմունքները կարկատաններով ծածկող այդ վանքը կարո՞ղ էր եզուիտական ոյժի դէմ դուրս գալ այդքան հեռաւոր տեղից: Չը նայած այս դրութեան, Էջմիածնի կաթողիկոսները անում էին, ինչ կարողանում էին։ Մովսէս կաթողիկոսը նուիրակներ ուղարկեց իր լաւագոյն վարդապետներից, որոնցից մէկն էր Խաչատուր վարդապետ Կեսարացին։ Բայց Լեհաստանում ո՞վ ինչ կարող էր անել եզուիտների գործիք Նիկօլին։ Նրան բանադրեցին, բայց նա էլի մնաց իր տեղը։ Հայերը նոյն իսկ Հռօմ դիմեցին, աղաչեցին պապին, բայց Կղեմէս X պապը Նիկօլին շնորհեց Յիսուսի և Մարիամի շքանշանը։
Սիգիզմունդ երրորդին յաջորդեց Վլադիսլավը: Սա իր հօր հակապատկերն էր ներկայացնում և չէր ուզում որ շարունակվեն կրօնական հալածանքները։ Հայերը յոյս առան. Մովսէս կաթողիկոսը 1633-ին մի կօնդակ ուղարկեց Վլադիսլավին, խնդրելով նրա գութը իր տանջված