ջնջում չը պիտի նշանակէր. Լեհաստանի հայերը, դադարելով լուսաւորչական լինելուց, պիտի շարունակէին հայ մնալ։ Տարաբախտաբար, նրանք հիմնաւորապէս ոչնչացրել էին այն բոլոր կապերը, որոնք եկեղեցուց դուրս էլ կարող էին նրանց կապել հայութեան հետ։ Նիկօլի սխրագործութիւնները մի ոտանաւոր ողբի մէջ նկարագրող ժամանակակիցն ասում է Լեհաստանի հայ քահանաների մասին.
Եւ չգիտեն զլեզուս հայկեան.
Եւ զինչ կարդան՝ չի հասկանան
Ել գիտողաց վրայ խրոխտանան[1]:Եթէ այսպէս էին քահանաները, ի՞նչ պիտի լինէր վաճառական ժողովուրդը։ Եւ այդ է պատճառը, որ երբ կրօնափոխութիւնը տեղի ունեցաւ, Լեհաստանի հայութիւնը, այսպէս ասած, օդի մէջ կախված մնաց։ Բաւական էր որ մի սերունդ անցնէր, և նա կորած, անյայտացած էր լեհ ժողովրդի մէջ, մի անորոշ մութ աւանդութիւն պահելով իր ծագման մասին։
Նիկօլին յաջորդեց Վարդան Յունանեանը, որ ամենայն ջերմեռանդութեամբ, լցված հիացմունքով դէպի իր նախորդը, շարունակեց և վերջացրեց նրա գործը։ Եզուիտները շատ լաւ գիտէին, որ կաթօլիկ կրօնաւորները, չը նայած իրանց ոյժին և ճարպիկութեան, չէին կարողանայ հեշտութեամբ հասնել իրանց նպատակին, եթէ նրանց չաջակցէին կաթօլիկացած հայ հոգևորականները։
- ↑ «Կամենից», եր․ 202։