Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/212

Այս էջը հաստատված է
VI
Պրօպագանդան նեղ կրօնական հիմնարկութիւն է և մտաւոր սնունդ չէ տալիս. նրա տպագրած առաջին հայ գրքերը. այբբենարան, ֆլօրենտինեան ժողովի կանօնադրութիւնը. այդ ժողովի հանգամանքները։ «Առաւել Պարզաբանութիւն»։ -Ֆրանցիսկօ Րիվօլայի բառարանը:

Մենք ասացինք, որ Հաւատի Պրօպագանդան միաժամանակ աւելի եռանդուն դարձրեց իր գործունէութիւնը և Հայաստանում։ Այդտեղ, Նախիջևանի գաւառում, վաղուց գոյութիւն ունէր հայ կաթօլիկների /ունիթօրների/ համայնքը, որ կարող էր կաթօլիկութեան կորիզ դառնալ, բայց երկար ժամանակ համարեա մոռացութեան էր մատնված Հռօմի կողմից։ Պրօպագանդան իր սկզբնաւորութեան օրից ուշադրութիւն դարձրեց իր այդ հեռաւոր հօտի վրա, որի թիւը, եթէ հաւատանք ունիթօր վարդապետների ցուցմունքներին, XVII դարի սկզբում հասնում էր 19․000․–ի[1]: Պրօպագանդան Նախիջևանի գաւառում բաց արեց մի դպրոց, որի ուսուցիչները Եւրօպայից ուղարկված կրօնաւորներն էին և որը, ուրեմն, բարձր պիտի լինէր Հայաստանում եղած բոլոր միւս դպրոցներից:

  1. Հ. Ալիշան—«Սիւնիք», եր. 387։