Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/217

Այս էջը հաստատված է

լոյս հանել և իր կազմած հայ-լատիներէն բառարանը։ Այս աշխատութիւնը, իրաւ, լոյս տեսաւ 1633-ին, բայց այս անգամ Պարիզում, ուր արքունական տպարանը ձեռք էր բերել հայերէն տառեր և առհասարակ աշխատում էր արևելեան լեզուներով հրատարակութիւններ անել, որպէս զի այդ միջոցով Ֆրանսիայի ազդեցութիւնը տարածվի Արևելքում։ Րիվօլայի բառարանը բազմաթիւ պակասութիւններ ունի, բայց և այդպէս, պիտի համարվի երախտագիտութեան արժանի մի գործ: Կազմել հայերեն լեզուի բառարան այն ժամանակներում, երբ չը կար այդպիսի փորձ հայերի մէջ—անկասկած մի մեծագործութիւն է մանաւանդ մի օտար մարդու նկտամամբ։ Այդ աշխատութիւնը ցոյց էր տալիս թէ եւրօպական կրթութեան տէր մարդիկ շատ բարերարութիւններ կարող էին անել Արևելքի խեղճ քրիստոնեաներին, եթէ նրանց առաջին և ամենակարևոր նպատակը կրօնական որսորդութիւնը չը լինէր։ Դժբախտաբար, կաթօլիկ կրօնաւորը կարծում էր թէ հայը, նեստօրականը, ղպտին միանգամայն երջանկութեան կը հասնեն, եթէ, օրինակ, պատարագի ժամանակ ջուր խառնեն բաժակի հետ և կամ մի այլ ծիսակատարութեան մէջ հետևեն Հռօմի հրահանգներին։ Արարողութիւններով կաթօլիկ, բայց հոգով ու մտքով խաւար ասիացի—այսպիսի հօտ էր հարկաւոր արևմտեան եկեղեցականներին: