որ ցոյց էր տուել Ամենափրկչի տպարանը երկու տարվայ մէջ։ Ուստի Խաչատուր վարդապետը «Ժամագրքի» յիշատակարանի մէջ էլ ներողութիւն է խնդրում և յայտնում է, որ Յովհաննէս վարդապետը արդէն շրջում է «լատինացոց աշխարհում»՝ տպարանական գործը լաւ սովորելու համար։
Այս ճանապարհորդի հետ մենք էլ պիտի տեղափոխվենք Իտալիա, ուր նորից եռանդուն փորձեր են լինում՝ հայերէն տպագրութիւն հաստատելու համար։ Յովհաննէս վարդապետը ճանապարհորդում է մի ամբողջ տարի և վերջը ստիպված է լինում կանգ առնել Իտալիայում, որովհետև հայերէն տառերի հետ այդտեղ էին ծանօթ: Շրջելով Վենետիկի տպարանները, նա չը հաւանեց այնտեղ եղած հայերէն տառերը և, չը գտնելով հմուտ վարպետներ, անցաւ Հռօմ։ Այստեղ նրա առաջ մեծամեծ արգելքներ հանդիսացան. գլխաւորը այն էր, որ Պրօպագանդան, իբրև կաթօլիկութեան սիւն, չէր կարող թոյլ տալ, որ իր քթի տակ մի «հերձուածող եկեղեցու» վարդապետ տպարան կազմէ, թէև դա չը պիտի մնար Իտալիայի ուղղափառ հողի վրա, այլ պիտի գնար մի խեղճ ու խաւար երկիր։ Այս երկրի հոգիների փրկութեան համար շատ էր մտածում կրօնական այդ մեծ ժողովը, ուստի այնտեղ տպարան տանելը և նրա միջոցով հերետիկոսութիւն տարածելը շատ վտանգաւոր մի հանգամանք էր բարեպաշտ ֆանատիկոսութեան տեսակէտից։ Յովհաննէս վարդապետը չը յուսահատվեց այն արգելքներից և