Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/227

Այս էջը հաստատված է

հակառակութիւններից, որոնք գործադրվում էին նրա ձեռնարկութիւնը խափանելու համար։ Ամեն տեսակ վիշտ ու տառապանք կրելով, նա կարողացաւ իր սկսածի մի մասը գլուխ բերել Հռօմում, իսկ երբ արգելքները աւելի ևս սաստկացան, նա վերցրեց իր վարձած վարպետներին ու արդեն պատրաստ տառերը և տեղափոխվեց Լիվօրնօ քաղաքը, ուր այդ ժամանակ արդեն գոյութիւն ունէր հայ վաճառականների մի գաղթականութիւն։

Այստեղ, չը նայած որ Պրօպագանդան արդեն հայերին իր հսկողութեան տակ էր առել կաթօլիկ հայ հոգևորականների միջոցով, պայմանները համեմատաբար նպաստաւոր էին, մանաւանդ որ հայ վաճառականները նիւթական օգնութիւն էին հասցնում վարդապետին։ Լիվօրնօի մէջ վերջացաւ այն գործը, որի համար Յովհաննէսը երեք տարի և երեք ամիս մաքառել ու տանջվել էր։ Իր տառերով նմուշը Ջուղայի առաջնորդին ցոյց տալու համար նա 1643 թւին, 80 օրվայ ընթացքում, տպագրեց մի «Սաղմոս» (1050 օրինակի), որի յիշատակարանում հաշիւ տուեց իր կատարած գործերի մասին։ Այդտեղից իմանում ենք, որ նա պատրաստել էր տուել զանազան մեծութեան տառեր, բազմաթիւ տպարանական զարդեր, նոյն իսկ նօտաներ՝ երգերի եւ շարականների համար։ Նկարագրելով իր կրած սաստիկ նեղութիւնները, նա ներողութիւն էր խնդրում առաջնորդից որ չը կարողացաւ աւելին անել և իրան համեմատում էր մի մարդու հետ, որ մտնում է պատերազմ և արիւնով մի բան է ստանում։ Այսքան դժուար է եղել խլել աննպաստ