դարձրել էին Ջօվաննի Մուլինօ։ Իսկ Պրօպագանդան ոչ միայն չէր հալածում նրան, այլ նոյն իսկ յանձնարարութիւններ էր տալիս նրան: Այսպէս է վկայում այն «Խորհրդատետրը», որ հայերէն ու լատիներէն լեզուներով հրատարակեց Պրօպագանդայի տպարանը 1642-ին: Այդ գրքի մէջ Յովհաննէս Անկիւրացին վաւերացրել է հայերէնի և լատիներէնի համեմատական ճշտութիւնը, այսինքն կատարել է մի պաշտօն, որ ենթադրել է տալիս թէ նա Հռօմում կարևոր դիրք ունեցող մի անձն էր։ Բայց այդ բոլոր յարմարութիւնները չազատեցին նրան անախորժութիւններից ու տանջանքներից, երբ հարկաւոր էր կատարել Սրապիոն կաթողիկոսի կտակը։ Միայն 1642-ին, գտնելով Վենետիկում երկու բարեսէր օտարազգիներ, Անկիւրացին նրանց հաշւով կարողացաւ տպագրել «Սաղմոս», իսկ հետևեալ տարին-Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի» անունով նշանաւոր աշխատութիւնը։ Սա հայ մատենագիրների առանձին հրատարակութեան առաջին փորձն էր: Անկիւրացին միտք է ունեցել և Աստուածաշունչ տպագրել և, ինչպէս երևում է, ուզում էր տպարան հիմնել Կ․ Պօլսում։ Բայց այդ երկու տպագրութիւններով էլ վերջանում է նրա գործունէութիւնը և յայտնի չէ թէ ինչ եղաւ նա յետոյ։
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/230
Այս էջը հաստատված է