Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/233

Այս էջը հաստատված է

նոր, ժամանակակից գրականութեան գործիք չէ․ շարունակվում է դեռ հին դրութիւնը, այսինքն լոյս են հանվում անցեալից մնացած հատ ու կտոր, ամենագործածական գրքեր, որոնք աւելի եկեղեցուն են հարկաւոր։ Եւ չէ կարելի ասել թէ ժամանակակից հեղինակութիւն բոլորովին չը կայ: Օրինակ, հէնց նոյն հռչակված Սիմէօն վարդապետ Ջուղայեցին գրել է մի քերականութիւն. դա դասագիրք էր դպրոցներում, գործ էր ածվում, երևի, շատ տեղ, որովհետև համարեա առաջին հայերէն քերականութիւնն էր, բայց․և այդպէս, տպագրվեց միայն 1725 թւին: Եւ այսպէս ահա, տպագրութիւնը հայերի մէջ սկզբից և եթ ընդունում է միակողմանի, նեղ, մասնաւոր ուղղութիւն:

Եւ եթէ այդպիսի միակողմանիութեան մէջ էլ հայ տպագրութիւնը չը քարացաւ, դրա պատճառը կաթօլիկ քարոզիչներն էին։ Որքան էլ այդ կրօնաւորները ատելութիւն և հակառակութիւն էին մտցնում ազգի մէջ, անուրանալի է և այն, որ նրանց արշաւանքը այսպէս թէ այնպէս առաջացնում էր շարժում։ Հայերը ստիպված էին մաքառել, տեսնում էին իրանց անպատրաստականութիւնը, լցվում էին հակառակորդների նման լինելու, նրանց զէնքերով մրցելու և դիմադրելու ձգտումներով։ Եւ կաթօլիկ քարոզիչները շատ յաճախ հանդիսանում էին հայ հոգևորականների համար ոչ միայն իբրև հակառակ կողմ, թշնամի, այլ և իբրև ուսուցիչ։

Մենք յիշեցինք, որ Նախիջևանի կաթօլիկ հայերի համար բացված դպրոցում ուսուցչութիւն