Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/235

Այս էջը հաստատված է

անէծքներով ու հայհոյանքներով։ Որքան էլ Պօղոս Պիրօմալին բաց ասպարէզ ունէր ցոյց տալու համար թէ իսկական քրիստոնէութիւնը շատ և շատ բարձր է դաւանական և ծիսական նախապաշարմունքներից, բայց նա էլ կղերական էր, այն էլ կաթօլիկ միսիօնար, որի համար բոլոր ճշմարտութիւններից առաջ պապն էր կանգնած իր համաշխարհային տիրապետութեան տենչանքով․ ուստի նա էլ չէր կարող մոռանալ բաժակի մէջ ջուր խառնելու, Լևոնի տումարի, պասի ժամանակ ձուկ ուտելու կամ չուտելու հարցերը։ Եւ նա սկսեց ուսումնասիրել հայերէն հին հեղինակութիւնները, որպէս զի ապացուցանէ հայերին թէ նրանք թիւրիմացութեամբ են Հռօմի կողմից հերձուածողների կարգում գրվել, քանի որ սկզբից և եթ կաթօլիկ են եղել։

Արա՞ւ նա այդպիսի գիւտ թէ ոչ-այդ մեզ չէ կարող հետաքրքրել։ Մեզ համար նշանակութիւն ունեցողը այն է, որ դօմինիկեան կրօնաւորը 35,000 հայերէն բառեր հաւաքեց և կազմեց հայ-լատիներէն բառարան, որը, սակայն անտիպ էլ մնաց։ Պիրօմալի գրեց նաև Քաղկեդօնի ժողովի պատմութիւնը, մի կրօնական վիճաբանութիւն Սիմէօն Ջուղայեցու դէմ և «Յաղագս ճշմարտութեան հաւատոյն քրիստոնէականի առ Շահ Ապպաս արքայ Պարսից» գիրքը, որ տպագրվեց Պրօպագանդայի տպարանում 1674–ին: Աւելի նշանաւոր է այն, որ Պիրօմալի մտերմացաւ մի հայ վարդապետի հետ, սկսեց նրանից հայերէնի դասեր առնել և ինքն էլ լատիներէնի դասեր տալ նրան: