Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/239

Այս էջը հաստատված է

ինքը կը կամենար, այլ փոքր չափերով»։

Այսքանն էլ չը տեսնված բան էր և Ոսկանը շուտով նեղն ընկաւ էջմիածնի նախապաշարմունքների մէջ։ Օտար, այլակրօն վարդապետին այդպիսի ուշադրութեամբ և սիրով աշակերտելը արդէն չափազանցութիւն էր հայրենի աւանդապահութեան աչքում։ Նա ցոյց էր տալիս որ Ոսկանն էլ օտարանում է կամ օտարացել է արդէն։ Եւ նրան սկսում են ծուռ նայել, նեղել, արհամարհել։ Այս վիճակն են ունեցել մեզանում այն բոլոր մարդիկ, որոնք օտարների մօտ կրթութիւն էին ստանում՝ իրանց խաւար հայրենիքին ծառայելու համար։ Այսպէս էին, ինչպէս աւանդում է պատմութիւնը, նոյն իսկ հինգերորդ դարի նշանաւոր գործիչներից շատերը։ —Խօսք չունենք, որ Ոսկանը կարող էր չափազանց ոգևորված լինել իր ուսուցչով և իր սովորածով։ Բայց փաստը մնում է փաստ։ Արհամարհված Ոսկանը չէ յուսահատվում, շարունակում է իր գրական զբաղմունքները, թարգմանութիւններ է անում, քերականութիւն է կազմում։

Իբրև թարգմանիչ, Ոսկանը ընկաւ նոյն ծայրայեղութեան մէջ, որ յատուկ էր լեզուի անկման դարերին։ Լատիներէնը հայ թարգմանիչներին հարկադրում էր աղճատել իրանց մայրենի լեզուն։ Կարծես զգալով որ հայոց գրական լեզուն այլ ևս չէ կարող կենդանանալ հարստանալ իր սեփական միջոցներով, մի շարք թարգմանիչներ ձգտում էին փրկութիւն որոնել լատիներենի մէջ և նրանից փոխ առած ձևերով նոր կերպարանք