Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/259

Այս էջը հաստատված է

տպարանում 1645 թւին։ Երկար տարիներ հայերեն լեզուի ուսուցչութեան պաշտօն վարելով, Գալանոսը հայագիտութեան մէջ հեղինակաւոր մարդու համբաւ էր վայելում և նրա դասագիրքը, ի հարկէ, գործածական էր՝ գոնէ բոլոր հայ կաթօլիկ դպրոցներում։ Բայց չենք կարող ասել, թէ Գալանոսը, իբրև հայագէտ, կարողանար իր քերականութեամբ մի բան անել հայոց լեզուի անկման դէմ։ Բաւական է, օրինակի համար, աչքի առաջ ունենալ նրա սիրելի աշակերտ Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն յերկինս» անունով թարգմանութիւնը, որ տպագրված է Հռօմում 1671-ին, և մենք կը տեսնենք թէ ինչ սոսկալի հայերէն էր աւանդվում պապական դպրոցներում։ Եւ դեռ այդ Վարդան Յունանեանը համարվում էր քաջ հայագէտ և ընդունակ գրող, Լվօվի դպրոցի փառք ու պարծանք․․․

Այս դպրոցի մասին մենք շատ ասելիք չունենք, քանի որ արդէն նկարագրել ենք, թէ ինչ էին ներկայացնում ս․ Պետրոսի գանձանակի միջոցներով պահվող դպրոցները առհասարակ։ Լվօվի դպրոցը, որ այնպիսի ներբողներով նկարագրում են նրա մէջ ուսուցչութիւն արած լատին կրօնաւորները[1], բռնութիւններով ստեղծված, եզուիտական գաղափարներով ղեկավարվող մի կաթօլիկ կղերանոց էր։ Նրան յատկացրած էր ահագին դեր Լեհաստանի հայերէ կաթօլիկացման գործի մէջ․ նա պիտի գրաւէր յամառ հայերին նրանով, որ հայերէն լեզուն էլ էր աւանդում։

  1. «Բռնի միութիւն», եր. 114—135։