Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/272

Այս էջը հաստատված է

թէ որպիսի հիասթափումն պիտի առաջացրած լինի նա Հռօմում, քանի որ գործում էր իբրև Էջմիածնի միաբան։ Ձեռնունայն մնալով այդտեղ, նա նորից վերադառնում է Լիվօրնօ և այս անգամ կարողանում է գտնել երեք ջուղայեցի վաճառականներ, որոնք յանձն են առնում հրատարակել Աստուածաշունչը և ստանալի արդիւնքը յատկացնում են Էջմիածնի, Երուսաղէմի և ս․ Սարգսի վանքերին։ Այնուհետև Ոսկանը ուղևորվում է Հօլլանդիա, ուր և սկսում է իր արդիւնաւոր գործունէութիւնը։

Տեղ հասնելուն պէս նա շտապում է նախ և առաջ գրագիտութեան ամենաանհրաժեշտ ձեռնարկը-Այբբենարան-հրատարակել, վերջացնում է Կարապետ վարդապետի սկսած Շարականը և ապա ձեռք է առնում Աստուածաշունչի տպագրութիւնը, - մի արդարև մեծ գործ, որ, ինչպէս տեսանք, վաղուց ի վեր պահանջ էր դարձել ազգի մէջ և շատերի տենչանքն էր, բայց մնացել էր երազ։ Այստեղ կարիք չը կայ մի առ մի բացատրելու, թէ ինչ դժուարութիւններ էր ներկայացնում առաջին անգամ Աստուածաշունչ տպագրելը։ Ոսկանը երկար ժամանակ աշխատանք էր թափել նրա վրա ոչ միայն իբրև տպագրող, այլ և իբրև խմբագրող։ Նա համեմատել է հայերէն Աստուածաշունչը լատիներէնի հետ, տնատել է լատիներէնի համաձայն, կազմել է բոլոր յատուկ անունների մի շատ մանրամասն ցանկ, նոյն իսկ նրա մի մասը (Սիրաքի գիրքը) նորից թարգմանել է տուել Ստեփանոս Լեհացուն։ Գրքի վերջում Ոսկանը