Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/277

Այս էջը հաստատված է

կցելով նրան և «Աղուէսագիրքը»։ Մի թեթև հայեացք գցելով մինչև այդ տպագրված բոլոր գրքերի վրա, մենք լուրջ, օգտակար գրական երկերի շարքից պիտի հանենք ու դէն գցենք 1513-ին հրատարակված «Աղթարքը» և «Ուրբաթագիրքը»․ իբրև խաւար մտքի խաւար գործեր. և այնուհետև մենք կը գանք այն եզրակացութեան, որ աշխարհական գրականութեան առաջին հաստատ հիմքը Ոսկանի այս հրատարակութիւնն է։ Ողջունենք այդ նոր երևոյթը․․․

Մովսէս Խորենացու կարծեցեալ թէ իսկական Աշխարհագրութիւնը, ինչ ասել կուղի, արդէն շատ հնացած էր XVII դարի մարդու համար, որ հարուստ ու ճիշտ տեղեկութիւններ ունէր երկրի ու երկնքի մասին։ Ժամանակակից գիտութեան տեսակէտից Խորենացու Աշխարհագրութիւնը լոկ հնագիտական հետաքրքրութիւն կարող էր ներկայացնել. բայց հայերը շատ հեռու էին այն ազգերից, որոնք իրաւունք ունէին այդպէս վերաբերվել այդ Աշխարհագրութեան։ Սաղմոսների և շարականների ժողովուրդը զուրկ էր աշխարհիկ, տիեզերական իրականութեան հետ ծանօթացնող գրքերից, ուստի նրա համար նորութիւն էր նոյն իսկ այդ հնացած աշխարհագիտութիւնը։ Ապշեցնող հակասութիւն կար հայի իրական կեանքի և գրականութեան մէջ։ Իրական կեանքում հայը մի համաշխարհային թափառական էր, որ անդադար շրջում էր, որի համար արգելք չէին ծովերն ու անապատները, որ շփվում էր բազմաթիւ ազգերի հետ և ունէր այնպիսի հարուստ աշխարհագրական