Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/278

Այս էջը հաստատված է

տեղեկութիւններ, որոնք կարող էին գրգռել շատ ազգերի նախանձը։ Բայց իր գործնական կեանքից դուրս, իր գրականութեան մէջ, դա մի զարմանալի անտեղեակ, միամիտ ազգ էր․ նա ամբողջապէս ամփոփված էր այն նեղ տարածութեան մէջ, որ եկեղեցու գմբէթի ծայրից ձգվում էր դէպի երկինք։ Այդ անձկութեան մէջ փակված՝ նա չը գիտէր թէ ինչ է ֆիզիկական աշխարհը, թէ ինչեր են կատարվում լուսնի տակ։ Նա կարող եղաւ Տաթևացու ահագին հատորները արտադրել՝ երկնքի գործերը քննելու և մանրամասն կերպով վերլուծելու համար, բայց չը կարողացաւ կազմել մի փոքրիկ աշխարհագրութիւն, որի մէջ հայ ընթերցողը տեսնէր աշխարհը, մի ընդհանուր պատմութիւն, որի մէջ ազգերը պատմէին իրանց չարն ու բարին, իրանց առաքինութիւներն ու արատները։ Սեփական խեցիի մէջ կուչ եկած մի ժողովրդի համար, որ մարդկային համայնք լինելուց առաջ աստուածաբանների ժողով դառնալու տխուր հարկի մէջ էր դրված, Խորենացու աշխարհագրութիւնն էլ իմաստութեան մի մատեան էր, թէև հրատարակվում էր այն դարում, երբ արդէն Նիւտօն կար․ գոնէ այդ գիրքը պատռում էր առանձնացման և անգիտութեան չինական պատը, գոնէ տալիս էր ազգերի ու երկիրների անուններ, հօրիզօն էր լայնացնում։

Իսկ «Աղուէսագիրքը», որ կցած էր Խորենացու Աշխարհագրութեան, առակների մի ժողովածու էր։ Ամենքին յայտնի է թէ առակները որքան սիրելի են բոլոր ազգերի մէջ, ուրեմն Ոսկանը