չորսամեայ գործունէութիւնը։ Աւելի մեծ պահանջներ չանենք Ոսկան վարդապետից․ նա տալիս էր այն, ինչին կարօտ էր եկեղեցին և ինչ պահանջում էր ընթերցողը։ 1668-ին նրա տպագրած «Տօմարագրքի» մէջ զետեղված էին և «Մարմնախաղացն» ու «Եբազահանը», որոնց մենք տեսանք «Աղթարքի» մէջ։ Բայց կարո՞ղ ենք դատապարտել սրա համար Ոսկանին, երբ նոյն իսկ մեր օրերում, XX դարի մէջ էլ, այդ գուշակութիւնները դեռ ևս շարունակում են լոյս տեսնել՝ հայ ժողովրդի նախապաշարմունքներին առատ կերակուր և հրատարակիչների գրպանին շահ մատակարարելու համար…
Պակասութիւնները, եթէ դրանից շատ ու խոշոր էլ լինէին, մոռացվում են Ոսկանի տոկունութեան ու եռանդի դիմաց։ Հերոսութիւն էր այդքան բեղմնաւոր հրատարակչական գործունէութիւն ցոյց տալը այն ժամանակներում։ Շատ և շատ էին այն դառնութիւնները, որ կրում էր այս մարդը օտար երկնքի տակ, զրկված դրամական զօրաւոր աջակցութիւնից։ Բայց հերոսութիւնն էլ յայտնի սահմաններ ունի. եկաւ ժամանակ, երբ Ոսկանն էլ պիտի յաղթվէր ձախորդ հանգամանքներից։