Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/287

Այս էջը հաստատված է

համոզում էր Ոսկանին հանել տպարանը Հօլլանդիայից։

Բայց ու՞ր կարելի էր տանել նրան։ Կաթօլիկ հոգևորականութեան ինտրիգներն ու մեքենայութիւնները, ինչպէս տեսանք, նեղում էին նրան և Հօլլանդիայում, արգելքներ յարուցանելով գրքերի տարածման դէմ։ Բացի դրանից երեւում է, որ եթէ Ոսկանի հրատարակութիւնները դանդաղ էին վաճառվում, պատճառներից մէկն էլ այն էր, որ նրանք տպագրվում էին մի բողոքական երկրում, իսկ սա, խաւար ժամանակի հասկացողութիւնների տեսակէտից, մի հանգամանք էր, որ ապացուցանում էր, թէ այդ գրքերը անհարազատ են, աղճատված։ Այս բոլորը պիտի հասկացնէր Ոսկանին, որ զիջողութիւն անել հարկաւոր է և պէտք է գործունէութիւն սկսել մի կաթօլիկ աշխարհում։ Ամբողջ Եւրօպայում նա միայն Ֆրանսիան յարմար համարեց իր մտքի համար․ այս իրողութիւնը մի փաստ է, թէ նա աշխատում էր չարիքներից փոքրագոյնն ընտրել։

Ֆրանսիան թէև կաթօլիկ երկիր էր, թէև Հռօմի աւագ դուստրի պատուանունն էր կրում, իսկ նրա թագաւորները «ամենաքրիստոնեայ» տիտղոսով էին փայլում, բայց ունէր եկեղեցական ինքնավարութիւն, որ յայտնի է գալլիկանութիւն անունով։ Դա չէր նշանակում ոչ անկախութիւն, ոչ էլ ընդդիմադիր մի հոսանք Հռօմի դէմ։ Ֆրանսիական եկեղեցին, դաւանական հարցերի մէջ ընդունելով իր կախումը Հռօմից, վարչական ինքնօրէնութիւն էր պահպանում։ Գալլիկան