որպիսի տարբերութիւն նրա և Ոսկանի մէջ։ Մխիթարը շրջապատված էր աշակերտներով և օգնականներով, վայելում էր դեսպանների հովանաւորութիւնը, օժանդակութիւն էր ստանում կաթօլիկ կղերից և նոյն իսկ Վենետիկի կառավարութիւնը առանձին արտօնութիւններ շնորհեց նրան՝ իբրև բացառութիւն։ Մխիթարը բախտ ունէր, իսկ Ոսկանը-զոհ էր։ Զոհ հայրենի տգիտութեան և խաւարի, զոհ իր զարմանալի եռանդի, որ ոչ մի կողմից աջակցութիւն չէր ստանում, և վերջապէս՝ զոհ ընտանի մատնիչի, որ սպանեց նրան կաթօլիկ ինքուիզիցիայի ձեռքով։
Որքան և ցաւալի լինի զոհը ինքն ըստ ինքեան, բայց նրա մէջ միշտ մարմնանում է մի գաղափարի յաղթանակ, նրանով մի յայտնի գործ արմատանում է աւելի հաստատ ու պտղատու հողի մէջ։ Այսպէս էր և Ոսկանը։ Նա մեռաւ վշտերի և յուսահատութեան մէջ, բայց հայ տպարանը արդէն մի հաստատութիւն էր դարձել և այլ ևս կորչելու, անյայտանալու վտանգի մէջ չէր։ ճիշտ է, նրա տպարանը մաս մաս եղաւ, ցրիւ եկաւ, բայց այդ բեկորները նոր և նոր տպարանների կորիզներ դարձան Մարսէլում, Ամստերդամում, Վենետիկում, Կ․ Պօլսում։ Ոսկանը պատրաստեց հայ տպագրիչների սերունդ, որ նրանից յետոյ շարունակեց գործը և այնքան եռանդոտ ու ժիր էր, որ նոյն իսկ շարունակեց նաև նրա կռիւը։
Այդ կուի ասպարէզը Մարսէլի տպարանն էր։ Հէնց որ Ոսկանը փակեց իր աչքերը, Թադէոս