դէմ և պարլամենտը (նահանգական բարձրագոյն դատարան) ջնջեց դատաւորի վճռի այն մասը թէ պէտք է նորից տպագրել ութ թերթերը։ Դրա փոխարէն պարլամենտը որոշեց, որ հերետիկոսութիւնների հարցը ամբողջովին յանձնվի տեղական առաջնորդի բարեհայեցողութեան։ Համազասպեանը, կամենալով միանգամից ազատվել Նասիբից, որ այդքան ժիր ու հասկացող ախոյեան էր հանդիսացել, նորից դիմեց ստոր մատնութեան, յայտնելով թէ նա նենգավաճառ է, դատարկաշրջիկ և սնանկացած։ Նասիբը բանտարկվեց և հազիւ 1676–ին կարողացաւ ազատվել, բողոք ներկայացնելով իր կալանաւորման վճռի դէմ։ Շատ զարմանալի է, որ այս մարդը կարողանում էր արդարադատութիւն գտնել Լուդովիկոս XIV–ի Ֆրանսիայում, ուր տիրում էր ոստիկանական կամայականութիւնը միայն։
Մնում էր, ուրեմն, տեղական եպիսկոպոսի վճիռը, որպէս զի վերջանայ այդ դժբախտ գործը։ Բայց այստեղ աւելացաւ մի նոր հանգամանք, որ աւելի ևս խճճեց հարցը։ Թովմաս Հայրապետեան անունով մի հայ—կաթօլիկ քահանայ այդ միջոցին Մարսէլով անցնում էր դէպի Փարիզ․ եպիսկոպոսը նրան յանձնեց Ժամագրքի քննութիւնը և ֆանատիկոս հայը գերազանցեց ոչ միայն Յովհաննէս Հոլովին, այլ նոյն իսկ Համազասպեանին։ Նա շատ քիչ համարեց վերջինիս կազմած հերետիկոսութիւնների ցուցակը և բացի արդէն արգելքի տակ դրված ութ թերթերից՝ ուրիշ ութ թերթ էլ արգելեց, ասելով թէ պէտք