առաջին գործ համարել, ինչպէս եղել էր մինչև այգ, 1565-ին տպված «Սաղմոսը»։ Բայց դա աւելորդ մի վիրաւորանք էր։ Ժամանակագրութիւնը փոխել չէ կարելի, և բացի դրանից՝ այդ երևոյթն էլ շատ բնական էր։
Հայերի մէջ էլ տպարանը հէնց առաջի քայլում ցոյց էր տալիս, որ ինքը պիտի ծառայէ թէ՛ լոյսին և թէ՛ խաւարին, գիտութեան և տգիտութեան․ նրա միջոցով մարդիկ թէ՛ պիտի կենդանանային և թէ՛ թունաւորվէին։ Այս շատ նշանաւոր հանգամանքը պարզել էր ինքը, տպագրութեան հայր Գուտենբերգը, որի տպարանից դուրս եկաւ մարդկային մի աւելի մեծ և վնասակար յիմարութիւն-ինդուլգենցիաներ, այսինքն մեղքերի թողութիւն շնորհող տոմսակներ, որոնք կրում էին իրանց վրա կղերի կնիքը և վաճառվում էին հրապարակներում, իրբև եկեղեցական գանձարանների համար շատ շահաւէտ ապրանք։ Բայց տպարանի այդ երկդիմութիւնը վտանգաւոր չէր. ինդուլգենցիա տպագրող մամուլը տպում և հրատարակում էր նաև Ուլրիխ Ֆօն-Հուտտէնի կրակոտ գրուածքները։ Լոյսի և խաւարի կռիւ-այսպէս էր պահանջում այն անդադար շարժումը, որ կրթում, ուժեղացնում է նրա միտքը։ Այդ կուի, այդ եռանդոտ շարժման գործիք դարձաւ տպագրութիւնը։ Միայն այսպէս կարող էր նա իրագործել մի մեծ յեղափոխութիւն աշխարհի վրա։ Ահա հենց այդ կռիւն ու շարժումն էր, որ չը կար մեր նկարագրած ժամանակի Հայաստանում։