էր գալլիկանութեան ձգտոււմներին և իբրև եզուիտական ցանցերի մէջ փաթաթված կառավարութեան դէմ մարտնչող՝ նա վայելում էր եզուիտների թշնամի յանսենականների համակրութիւնը: Մարսէլի տեղապահը, իր հովանաւորութեան տակ առնելով Հայրապետեանին, դրանով պատւում էր Հռօմի գահը։ Նա մինչև անգամ հիմնեց Մարսէլում մի կրօնական ընկերակցութիւն, որ Հռօմի Պրօպագանդայի պատճէնը պիտի լինէր և նրա պէս պիտի աշխատէր բոլոր հերետիկոսութիւնները վերացնելու համար։
Եւ այսպէս, հայոց դժբախտ Ժամագիրքը կռիւների առարկայ էր և այն պատճառով, որ կար յանսենականութիւն, կար մրցում Հռօմի և Պարիզի մէջ։ Այսպիսի հանգամանքներում միամտութիւն կը լինէր յուսալ թէ կարելի է Հայրապետեանի պէս ֆանատիկոսներին յաղթել։ Սողոմոն Լևոնեանը Նասիբի և գրաշար Մատթէոս Յովհաննիսեան Վանանդեցու եռանդուն աշխատութեամբ 1679-ին վերջացրեց Ժամագրքի տպագրութիւնը և դատաստանական վճռի համաձայն դրեց նրա վրա թէ Ոսկանի և թէ Համազասպեանի անունը, ապա պահանջեց, որ վերջացնվեն հաշիւնեը: Սակայն գրաքննիչ Հայրապետեանը ոչինչ զիջողութիւն չէր ուզում անել. բանը այն տեղին հասաւ, որ այդ մարդը սկսեց պահանջել, որ Գրիգորեան տօմարը մտցնվի Ժամագրքի մէջ, մի բան, որ չէին ընդունել Արևելքի կաթօլիկներն անգամ։ Հռօմը ոչ միայն հարկաւոր ՝չը համարեց չափաւորել իր մոլեռանդ ծառայի բռնաւորական