Բայց Հայրապետեան դրանով էլ չը սանձահարվեցին: Առաջնորդական տեղապահի աջակցութիւնը վայելելով, նա սկսեց ամբաստանութիւնների հեղեղ թափել հայ տպագրիչների վրա, մեղադրելով թէ նրանք հերետիկոսութիւններ են տպագրում․ և այդպիսի բաներ նա գտնում էր ոչ միայն Ոսկանի սկսած Ժամագրքի մէջ, այլ և այն գրքերի մէջ, որոնք տպագրվել էին նրա մահից յետոյ։ Լևոնեանը միտք ունէր նորից տպագրել Աստուծաշունչը, բայց Հայրապետեանը պահանջեց, որ հայերէն Աստուածաշունչը սրբագրվի ճիշտ և ճիշտ լատիներէնի համաձայն: Ահա ինչ հրէշաւոր չափերի էր կարողանում հասնել կրօնական ֆանատիկոսութիւնից բղխած թշնամութիւնը համարիւն ազգակիցների մէջ. ահա ինչեր կարող էր անել նի հայ միւս հայի դէմ:
Եւ այս հանգամանքների մէջ ի՞նչ կարող էին անել Մարսէլի տպարանին ծառայող մի բուռն հայերը։ Որքան էլ արդար լինէր նրանց դատը, որքան էլ Պարիզի հոգևորականներից Ռիշար Սիմօն ազդու կերպով հերքէր Հայրապետեանի ամբաստանութիւնները և նկարադրէր հայերի կրած տանջանքները, բայց վերջ ի վերջոյ մնում էր այն փաստը, որ հայ տպագրիչները մի հերձուածող եկեղեցու են պատկանում։ Իսկ այդպիսիների համար շատ էլ անվտանգ բան չէր շարունակ ծեծել ֆրանսիական իշխանաւորների դռները և արդարութիւն խնդրել։ Լուգովիկոս XIV վարչական սիստեմն էր` հոգևորականութիւնը հեռու պահել իր անսահման միապետութեան դէմ որ և