Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/307

Այս էջը հաստատված է

 հաւատացեալի անկեղծ, մաքուր, մանկական սէրն է։ Կեմպացին այդտեղ հերքում է գիտութիւնն ու քաղաքական ազատութիւնը, բայց դա արգելք չէր, որ գիրքը թարգմանվի բոլոր լեզուներով, տարածվի ամեն տեղ ահագին քանակութեամբ, մի խօսքով դառնայ մէկը այն գրական գործերից, որոնք մի որ և է ազգին չեն պատկանում, այլ ամբողջ աշխարհին։ Որքան էլ գիրքը իր բովանդակութեամբ կրօնական էր, իսկ թարգմանիչը լատինամոլ հայ գրող, բայց մենք չը պիտի մոռանանք, որ հայ տպարանը առաջին անգամն էր լոյս հանում եւրօպական մեծ հռչակ վայելող մի երկի թարգմանութիւնը։ Մեզանում էլ Կեմպացին աջողութիւն գտաւ և հրատարակվեց մի քանի անգամ։

Հոլովի թարգմանութիւններին առանձին նշանակութիւն չէ կարելի տալ այն պատճառով, որ նա, իբրև կաթօլիկ հոգևորական, նոյնպէս պարտաւորութիւն էր համարում լատինացնել հայոց լեզուն։ Այս ձգտումը նա ցոյց է տուել իր գրած քերականութեան մէջ, որ, ի լրումն ամենայնի, կրում է «Զտութիւն հայկաբանութեան» անունը։ Այդ երևակայական զտութիւնը տպեց Պրօպագանդայի տպարանը, իսկ միւս ինքնուրոյն աշխատութիւնը—«Համառօտ ճարտասանութիւն» (Առաջին տպագրվածը) հրատարակվեց Ոսկանի տպարանից։ Բացի այդ բոլորից, ջանասէր քահանան թարգմանեց «Խոկումն քրիստոնէական», «Խոստովանարան կամ Ամբաստանարան ըստ կարգի պատուիրանաց տասանց պատգամաց և եօթանց մեղաց գլխաւորաց»