Այս տողերը գրված են դեռ 1630-ին, այն ժամանակ, երբ Թիւրքիայի տէրը քաջ և ուժեղ Մուրադ IV-ն էր, որ նախկին զինուոր-սուլթանների օրինակն էր ցոյց տալիս, որից վախենում էին և որ աշխատում էր ահագին պետութեան մէջ կարգ ու կանօն պահպանել։ Իսկ ի՞նչ պիտի լինէր դրութիւնը նրա թուլամորթ և մեղկ յաջորդների ժամանակ, երբ կառավարողը իրապէս հարեմի հարճերն էին և ներքինիները։ Խօջի-բէկը այսքան ճշմարտութիւն էր ասում ահարկու փադիշահի դեմքին․ իրականութիւնը, անշուշտ, աւելի ևս դառն խօսքերի առիթ պիտի տար․ և կեղեքումներ մերկացնող թիւրքը․ անշուշտ, գլխաւորապէս մահմեդական հարկատուների հեծեծանքներն ունէր ի նկատի․․․
Կարիք չը կայ ասելու, որ դրութիւնը լաւ չէր և Պարսկաստանում։ Տեսնենք հարկահանութեան մի պատկեր, որ տալիս է Զաքարիա պատմագիրը[1]: Գործողութիւնը կատարվում է Քանաքեռ գիւղում։ Զմեռն է, Երևանի խանի կողմից գիւղն է եկել մի ոմն Ասլան-աղա, որ Թիւրքիայից է փախել, անցել խանի մօտ և հարկերի տեսուչ է նշանակվել, հետևաբար նրա գործողութիւնները կարող են և Թիւրքիայում գործադրվող հարկահանական սիստեմի մի նմուշ դառնալ։ Ասլան ազան հրամայում է գիւղացիներին «ցոյց տալ գլուխները», այսինքն իր առջև հանել այն ամենքին, որոնք հարկ պիտի տան և ցուցակագրվեն։
- ↑ «Պատմագրութիւն», Վաղարշապատ, 1870, եր․ 65—67.