և մեռելութեան մատնված մի անապատի սարսափելի տեսարանն էր պարզում։
Երբ սկսվում էին Միջին Դարերերը, այդ ազգը արդէն ընդունել էր քրիստոնէութիւնը։ Դրանով նա մի մեծ յեղափոխութեան էր ենթարկել իր ամբողջ պատմական ճակատագիրը։ Վերջ դրվեց հին դարերի հայութեան, որ ասիականութեան մի հարազատ բեկոր էր, ապրում էր ասիական բռնապետութեան յատուկ բոլոր աւանդութիւններով, պաշտամունքներով և աշխարհայեցողութիւններով։ Քրիստոնէութիւնը, երկար, յամառ մրցութիւն մղելով, հետզհետէ իր գոյութիւնը ապահովեց և սկսեց կրթել հայերին ուրիշ սկզբունքների վրա, այն սկզբունքների, որոնք, եւրօպական քաղաքակրթութեան հիմքերն էին կազմում։
Երկրի քաղաքական անցեալը, որ Հին Դարերի ընթացքում ասիական կազմակերպութիւն ունեցող միապետութիւն էր ներկայացնում, դարձաւ կորած, անհասկանալի անցեալ։ Նա չը վերանորոգվեց, նոր կարգերի մէջ նոր ոյժ և տոկութիւն չը գտաւ, ուստի և թուլացաւ քրիստոնէութեան հետ ընդհարվելիս և ընկաւ, զրկելով հայերին և այն քաղաքական փոքր ի շատէ աչքի ընկնող անկախութիւնից, որի մարմնացումն էր նա դարերի ընթացքում։ Հայերը այլ ևս չը կարողացան մի համազգային անկախութիւն ստեղծել և Հայաստանի քաղաքական դերը փոքրացաւ։
Կորցրածի փոխարէն հայերը մի բան միայն կարողացան ձեռք բերել-եկեղեցական ինքնուրոյնութիւն։ Այդ ինքնուրոյնութիւնը նրանք կարող