էին հայերին, այնպիսի բաներ էին ասում, որոնց չէր կարող տանել ականջը» (1658)։
Ահա թէ ուր էր հասցրել պատրիարքական աթոռի հետ կապված իշխանութիւնը, որ կեղեքելու, յափշտակելու հնարաւորութիւն էր տալիս թէ հոգևորականին և թէ աշխարհականին։ Բայց այդ արիւնոտ դէպքը դեռ երկունքների սկիզբն էր։ Վանեցի Թըլթըլ (թոթովախօս) անուանված Աստուածատուր քահանան հանդիսացաւ Թօմա պատրիարքի մահվան վրէժխնդիր և կազմեց իր կուսակցութիւնը, որ կոչվեց թըլթըլեան։ Այդ կուսակցութիւնը այնքան ուժեղ ու ճարպիկ էր, որ երկար ժամանակ կարողացաւ խռովարարի խոշոր դեր կատարել։ Նա էր, որ կառավարութեան ականջին հասցրեց Թօմա վարդապետի վրա գործադրած եղեռնագործութիւնը և պատիժ խնդրեց․ բայց նա ինքը օրինաւորութեան ու կարգի կուսակցութիւն չէր, այլ նոյն հարստահարութիւնների, կեղեքումների վայրենի եռանդով լի մի հրոսակ։ Մեծ վէզիրից հրաման ստանալով, թլթլեանները սկսեցին խուզարկութիւններ՝ պատրիարքի սպանութեան պատճառ դարձած աղաներին բռնելու նպատակով։ Աղաները թագնվում էին, իսկ թլթլեանները նրանց ծանօթներին ու բարեկամներին էին բռնում և արձակում էին, խոշոր տուգանքներ ստանալով։ Դա մի շահաւէտ գործ էր․ Թօմա վարդապետի մահը երկրորդական նշանակութիւն ստացաւ, և այդ հայ ենիչէրիները ամեն գիշեր դուրս էին գալիս որոնելու և ձերբակալելու, որ նրանց նիւթական շահ էր տալիս։