Աւելորդ է ասել, որ այդպիսի միջոցով յափշատկած փողերի մեծ մասը թլթլեանները կոխում էին թիւրք իշխանաւորների և զինւորների կոկորդը։ Յանդգնութիւնը և անիշխանութիւնը այն աստիճանին էր հասել, որ թլթլեանները կազմակերպեցին կանօնաւոր աւարառութեան գործը։ Նրանց եկեղեցու մի մասը այրված էր․ պատճառ բռնելով թէ ժողովուրդ քիչ է գալիս կիսով չափ այրված եկեղեցին, հետևաբար արդիւեք քիչ է ստացվում, նրանք պայմանաւորվեցին բօստանճի կոչված զինւորների հետ և գործի կպան։ Զինւորները բռնութեամբ եկեղեցի էին բերում պատահած հայերին, որոնց այդտեղ թալանում էին թլթլեանները։ Այդ էլ քիչ թւաց այդ վայրենիներին․ գիշերները նրանք, միացած զինւորների հետ, մտնում էին տները, անմեղ մարդկանց դուրս էին քաշում իբր թէ արքունի հրամանով ձերբակալելու համար, ծեծում, տանջում էին խեղճերին և ստանում էին, ինչ ուզում էին։
Մինչդեռ Կ․ Պօլսի հայութինը ծփում էր այդ խռովութիւնների մէջ, Երուսաղէմում յոյները մեծ կաշառքների միջոցով խլեցին հայերից ս․ Յակոբի վանքը։ Դա էլ մի նոր դժբախտութիւն էր ժողովրդի համար։ Հայերն էլ պիտի մեծ կաշառքներ տային, որպէս զի կարողանային յետ խլել իրանց դարաւոր սեփականութիւնը։ Աստուածատուր պատրիարքը Կ․ Պօլսում արդարութիւն էր աղերսում թիւրք պաշտօնեաների մօտ, բայց իզուր․ իսկ Եղիազար Այնթապցի վարդապետը նոյն նպատակով աշխատում էր Երուսաղէմում․