Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/328

Այս էջը հաստատված է

նա հայոց վանքում գտաւ ոսկու և արծաթի մեծ գումար և ուղարկեց Կ․ Պօլիս՝ մեծ վէզիրին և ուրիշ պաշտօնեաներին կաշառելու համար։ Բայց պօլսեցիները այդ ժամանակ այնքան էին խորասուզվել Թօմա պատրիարքին սպանելու գործի մէջ, այնքան գրգռված էին փոխադարձ թշնամութիւնների մէջ, որ Երուսաղէմի գործը մոռացվեց, իսկ ս․ Յակոբի համար ուղարկված գումարը վատնվեց Թօմա պատրիարքի սպանութիւնը աջողեցնելու համար։ Հեշտ է երևակայել թէ ինչ դրութեան հասած պիտի լինէին Կ․ Պօլսի հայոց եկեղեցիները․ այդքան փողերը, որ կռւող կողմերը անխնայ վատնում էին կաշառքներ, տուգանքներ տալու համար, ծանր տոկոսներով պարտք էին վերցրած օտարներից և վերջ ի վերջոյ ժողովրդից պիտի հանվէին։ Երբ եկաւ վճարման ժամանակը, վէճեր ու կռիւներ բարձրացան այդ առիթով։ Պարտքի մի մասն էլ Երուսաղէմի վրա էր դրված․ բայց թէ Աստուածատուր պատրիարքը, թէ Եղիազար վարդապետը, որ նոյնպէս Կ․ Պօլիս էր եկել, հրաժարվում էին մի փող անգամ տալուց։ Վէճերը ամիսներ տևեցին․ գանգատներ տրվեցին կառավարութեան, եղան հարց ու փորձեր, ժողովներ կազմեցին եկեղեցիներում․ բայց ամեն տեղ-թէ կառավարութեան դիւանատներում, թէ եկեղեցիներում, թէ հրապարակում մի և նոյն խայտառակ իրողութիւնն էր տիրում։ Վիճողները երկու մասի էին բաժանված․ մէկը ասում էր թէ պարտքերը պիտի հատուցանեն այն մարդիկ, որոնք սպանել են տուել Թօմային, իսկ