էին պահպանել ծանր, սարսափելի զոհերի գնով։ Եւ նրանք չը խնայեցին այդ զոհաբերութիւնը, որ ձգվում էր դարից դար, որ շարունակվում է մինչև մեր ժամանակները։
Այսպէս էր տրամադրում երկրի աշխարհագրական դիրքը, այսպէս էին հարկադրում այն ներքին և արտաքին հանգամանքները, որոնք ծանրացած էին այդ ազգի վրա։ Շրջապատված ասիականութեան հաւատարիմ մնացած տարրերով, հայ ազգը շատ շուտով ընկաւ ասիական սկզբունքների դէմ կռւողի դրութեան մէջ։ Դա մի շատ ծանր, բայց անխուսափելի ճակատագիր էր։ Մի փոքրիկ, թոյլ ազգ, օժտված կուլտուրական ընդունակութիւններով, նա հարկադրված էր իր հողի վրա մեն–մենակ արիւնահեղ պայքար մղել, պաշտպանելով քրիստոնէական քաղաքակրթութեան սկզբունքները Ասիայի այս խուլ անկիւնում։
Եւ այդքան ծանր խաչը կրելու համար նա բաւական ոյժ գտաւ իր ներսում, իր մտքի ու հոգու մէջ։ Հրաժարվելով իր հեթանոսական–ասիական անցեալից, նա եռանդով սկսեց աշակերտել Արևմուտքին և մի կարճ միջոցում մտաւոր–կրթական մի շարժում առաջ բերեց, որ յայտնի է հինգերորդ դար անունով և որի մէջ նա ցոյց տուեց ինքնուրոյնութիւն, պատրաստութիւն, տոկուն ոյժ։ Բայց այդ փարթամ ծաղկումը էժան չը նստեց հայերին։ Ասիականութիւնը ներկայացնող Պարսկաստանը յարձակվեց այդ խորթ, անհասկանալի լուսաւորութեան վրա, և հայերը ստիպված եղան իրանց արեան գետերով պահպանել իրանց