Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/340

Այս էջը հաստատված է

 հաւաքվել էին Երուսաղէմում կարծես միայն այն մտքով, որ նորից արդարացնեն Քրիստոսի խօսքերը․ «Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք նրան դարձրիք աւազակների որջ»։ Կռիւներն ու լրբութիւնները անպակաս էին․ սովորական երևոյթ էր տեսնել, թէ ինչպէս ջարդվում են խուցերի դռները և պատուհանները, ինչպէս միմեանց միրուք են փետում, հայհոյում են միմեանց, թքում միմեանց երեսին։ Օսմանեան զօրքերը հարկադրված էին յաճախ ներս խուժել կատաղած վանականների խուցերը՝ կարգ և հանդարտութիւն հաստատելու համար։

Եւ այսպիսի տեսարան ներկայացնում էր ոչ թէ մի հեռաւոր ու մոռացված կղերանոց Հայաստանի լեոներում, այլ քրիստոնէութեան համար ամենանուիրական այն վայրերում, ուր իւրաքանչիւր ազդ ունէր իր ներկայացուցիչները, ուր աշխարհի բոլոր անկիւններից հաւաքվում էին ահագին քանակութեամբ ուխտաւորներ։ Այսպիսի համաշխարհային կենտրօններում են ազգերը ծանօթանում միմեանց հետ, հասկացողութիւն կազմում միմեանց մասին։ Ի՞նչ տեսակ համբաւ կարող էր ստանալ հայ ազգը այն անամօթ արարքների մէջ, որոնց թատերաբեմն էին դարձել Կ․ Պօլսի և Երուսաղէմի պատրիարքարանները։ Հաննէ վարդապետը ուղղակի վկայում է, որ հայը ամաչում էր ասել, թէ ինքը հայ է։ Եւ սա չափազանցութիւն չէ․ մեր պատմութիւնը քիչ չէ ունեցել այնպիսի միջոցներ, երբ ազգային պատուի մասին բարձր հասկացողութիւն ունեցող հայը ամաչել է որ հայ է ծնվել․․․