եզուիտական մի փոքրիկ բոյն հիմնվեց Շամախում։
Դաւանափոխական պրօպագանդան այս անգամ ուրիշ հիմքերի վրա էր հաստատվում: Քարոզութեամբ համոզելուց աւելի գործադրվում էին քաղաքական միջոցներ։ Եւ այդ կողմից կաթօլիկ գործիչների արարքները երկդիմի էին, յաճախ նոյն իսկ խարդախ, ինչպէս առհասարակ վայել է եզուիտական քաղաքականութեան։ Բարւոքել կաթօլիկ հայերի դրութիւնը քաղաքականապէս, նախանձելի դարձնել նրան միւս հայերի աչքում - սա Հռօմի և եզուիտների ծրագրի մի կողմն էր: Կասկած չը կայ որ այդ միջոցը ամենից շատ գործնական էր և խոստանում էր Հռօմին ահագին օգուտներ, եթէ միայն աջողվէր։ Եթէ կեղեքվող քրիստոնեան իր երկրաւոր շահերի համար մահմեդականութիւն էր ընդունում, աւելի յօժարութեամբ նա կը մտնէր կաթօլիկութեան ծոցը, երբ պարզ տեսնէր, որ միայն կաթօլիկ դառնալը բաւական է՝ համեմատաբար հանգիստ կեանք գտնելու համար։ Այս միտքը լուսաւորչական հայերի մէջ ժողովրդականացնելու նպատակով կաթօլիկ գործիչները միաժամանակ պիտի աշխատէին, որ ոչ-կաթօլիկ հայերը աւելի ևս հարստահարված ու իրաւազուրկ լինեն։ Եւ մենք տեսնում ենք, որ ֆրանսիական արքունիքը քայլեր է անում այս ուղղութեամբ։
Մահմեդականացած հայը, ինչպէս գիտենք, քրիստոնեայ հայից մնացած կալուածների ժառանգն էր դառնում. այդ մի և նոյն իրաւունքը