խնդրում էր կաթօլիկ հայերի համար Լուդովիկոս XIV իր մի նամակով, որ գրված էր Շահ-Աբբասին 1667 թւականի յունիսի 23-ին[1]: Քրիստոնեայ թագաւորը հաւատացնում էր մահմեդական միապետին, որ մի այդպիսի օրէնք արդարութիւն կը լինէր կաթօլիկ հայերի վերաբերմամբ, որոնց հովանաւորն է ինքը:Եւ ի՞նչ ասել կուզի, որ մեծահռչակ թագաւորի այդ եզուիտական միջնորդութիւնների շնորհիւ կաթօլիկութեան նշանակութիւնը միանգանից շատ բարձրանում էր Հայաստանում: Լուդովիկոսը մինչև իսկ նամակ էր գրում Նախիջևանի կաթօլիկ եպիսկոպոսին, ուրախութիւն էր յայտնում, որ հայ-կաթօլիկների դրութիւնը բարւոքվում է պարսից Շահի հոգացողութեամբ, խոստանում էր աւելի ևս աշխատել, աւելի շատ խնամք ցոյց տալ (1674): Պէտք է երևակայել թէ ինչ ահագին տպաւորութիւն պիտի գործէր արքայական այդ բարձր ուշադրութիւնը Ասիայի մի խեղդված անկիւնում տանջվող ժողովրդի վրա, մի ուշադրութիւն, որ պլատօնական չէր, այլ իրական, օգուտներ էր բերում։ Անշուշտ նա գեղեցիկ ակնկալութիւններ պիտի ծնեցնէր և միւս հայերի մէջ, նորից արծարծելով այն հին յոյսը թէ կարելի է կրօնափոխութեամբ ձեռք բերել քաղաքական ապահովութիւն։ Այդպէս էլ եղաւ։ Չորս տարուց յետոյ, 1678-ին, Էջմիածնում գումարված մի փոքրիկ ժողով վճռում է հպատակութիւն յայտնել պապին։
- ↑ «Г. Эзовь— «Сношенiя Петра Велиаго съ армянскимъ народомъ», СПБ. 1898, եր. XIV: