Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/350

Այս էջը հաստատված է

Այսպէս թէ այնպէս, հայ պատգամաւորութիւնը լուծվեց դեռ ճանապարհին։ Բայց նա միանգամայն ապարդիւն չէր։ Կ․ Պօլսում նրա անդամներից մէկը շարունակեց ճանապարհը մենակ, գնաց Վենետիկ, ապա անցաւ Ֆրանսիա, ուր մտաւ զինուորական ծառայութեան մէջ։ Սա շատ հազուագիւտ դէպքերից մեկն էր, գուցէ և առաջինը, երբ հայը Արևմուտք էր դիմում ոչ թէ կրօնաւոր դառնալու կամ վաճառականութիւն անելու նպատակով, այլ զինուորութիւն սովորելու համար, մի գործ, որ վաղուց մոռացված էր հայերի մէջ։ Այսպիսի քայլեր անողը հայ ազնուականութեան բեկորներից մէկն էր—հռչակաւոր Իսրայէլ Օրին, որ տարիներից յետոյ պիտի վերադառնար հայրենիք իբրև եւրօպական մտքերով տոգորված մի քաղաքական գործիչ, իբրև մի աշխարհական հայրենասէր, որ հայրենիքի գաղափարը բարձր էր դասում կրօնական նախապաշարմունքներից և պատրաստ էր շատ ծանր զոհեր մատուցանել այդ գաղափարին…

Որ Յակոբ կաթողիկոսի քաղաքական ծրագիրը համակրութիւն չէր գտնում հայ հոգևորականութեան մէջ, այդ կարելի է եզրակացնել և