ինչ վտանգաւոր զէնք է բարձրացել իրանց դէմ։ Եւ սկսվեցին խռովութիւնները, որոնք պտտում էին տպարանի շուրջը։ Ստեփանոս եպիսկոպոսը, առանց աջ ու ձախ նայելու, դիմեց պարսից կառավարութեան և գանգատվելով եզուիտների արարքների վրա, մատնութիւն էլ արաւ, ասելով թէ կաթօլիկները Պարսկաստանում լրտեսութիւն են անում։ Պարսիկները, ի հարկէ, պիտի օգտվէին դեաւուրների այդ խառնակութիւններից։ Շէհրիմանեանները եզուիտների թիկունքը դարձան, իսկ հարուստ լուսաւորչականները եպիսկոպոսի կողմն անցան։ Երկու կողմերը սկսեցին կաշառել պարսիկ իշխանաւորներին՝ միմեանց դէմ հրանմաններ հանելու համար։ Վերջապէս յաղթեցին լուսաւորչականները, որոնք, 1689-ին, ստանալով Շահ-Սուլէյմանից հրաման, քանդեցին մի կաթօլիկ եկեղեցի և արտաքսեցին եզուիտներին, որոնց մէջ էր և Յակոբ Վիլլօտ։
Այդ բռնութիւնների միջոցին փակվեց Ջուղայի տպարանը։ Կաթօլիկներն էլ մատնութեան դիմեցին, յայտնելով կառավարութեան թէ տպարանից հրատարակված գրքերի մէջ Ղուրանին հակառակ բաներ կան։ Ստեփանոս եպիսկոպոսը այդ ամբաստանութիւնից ազատվելու համար ստիպված եղաւ մօտ 500 թուման փող ծախսել իշխանաւորների դռներին։ Ամբաստանութիւնը հերքվեց, բայց պարսից կառավարութիւնը արգելեց հայերէն գրքեր տպագրելը։ Գրգռված այս անաջողութիւններից, Ստեփանոս եպիսկոպոսը սարքեց մի եկեղեցական հանդէս, որ միջնադարեան