Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/36

Այս էջը հաստատված է

տեղի ունեցած մի մասնաւոր ապստամբութիւն ճնշելու համար ուղարկեցին սարսափելի Բուղային, որ արեան ծովի մէջ խեղդեց դժբախտ երկիրը։ Այդ ահռելի անգթութեան մատնված ազգաբնակութիւնը պէտք է թաղված լինէր գերեզմանի մէջ և երկար ու երկար ժամանակ չը պիտի կարողանար կենդանութեան նշոյլ ցոյց տալ։ Բայց ի՞նչ ենք տեսնում։ Նոյն այդ կոտորածի և աւերմունքի դարում ծնունդ է առնում Բագրատունեաց թագաւորութիւնը, որին տուած էր մի կարճ կեանք, բայց մի կեանք, որ հանդէս էր բերում քաջութիւն, արիութիւն, հայրենասիրութիւն և կուլտուրական բարձր, ճոխ հարստութիւն, որի անշուք պատառները այժմ էլ, Անիի աւերակների մէջ, հիացմունք և զարմանք են պատճառում նոյն իսկ եւրօպացի ճանապարհորդներին։

Որքան էլ հուժկու ու խստասիրտ նուաճողներ լինէին արաբները, որքան էլ նրանց իշխանութեան ներկայացուցիչ ոստիկանները Հայաստանի մէջ ներքին խռովութիւններ, կոտորածներ, աւերմունք տարածէին նոյն իսկ Բագրատունի թագաւորների ժամանակ, հայ ազգաբնակութիւնը, այնուամէնայնիւ, դիմանալու, դիմադրելու՝ և նոյն իսկ առաջադիմելու, կատարելագործվելու դեռ բաւական ոյժ ունէր։ Նա նստած էր իր հողի վրա, տիրապետող, ահագին մեծամասնութիւն կազմող տարը էր։ Նրա վրա տիրում էին հեռուից և նա իր երկրում տեսնում էր միայն արաբական բանակներ, որոնց գործն էր հնազանդութեան մէջ պահել խալիֆի հպատակներին։ Ճիշտ է, այդ բանակները