մեծ մասը նոյն այդ Հռօմից էր վերցնում։
Բայց ֆանատիկոսական անհամբերողութեան ամենաահռելի ծնունդը քաղաքական մատնութիւններն էին, որոնց յաճախ դիմում էին երկու մրցող կողմերը և որոնք սարսափելի աղէտներ էին պատճառում թէ մէկին և թէ միւսին։ Քանի՛ քանի տներ են քանդվել, քանի՛ քանի մարդիկ են մաշվել բանտերի մէջ, արիւե թափել կախաղանների վրա, հալածվել, անյայտացել աքսորավայրերում։ Եւ այդ բոլոր սարսափները շնորհիւ այն հանգամանքի, որ դաւանական խտրութիւնը անտանելի բան էր դարձել արիւնակից եղբայրների մէջ և մի եղբայրը կրօնասիրական առաքինութիւն էր համարում մատնել միւսին մահմեդական իշխողի ձեռքը և սիրտ հովացնել, տեսնելով նրա տանջանքները։ Մենք չենք ասում թէ այս ողբալի դրութիւնը միայն հայերի մէջ գոյութիւն ունէր։ Ո՛չ, նա ամեն տեղ էր, ուր Հռօմը ճիգեր էր թափում վերականգնելու իր համաշխարհային տիրապետութիւնը․ Եւրօպան էլ ազատ չէր այդ առիթով թափվող արիւնից ու արտասունքներից։ Բայց այդ համատարած իրողութիւնը չէ կարող, ի հարկէ, արդարացնել ոչ ոքին։ Պատմութիւնը, անարգ սիւնին բևեռելով հեղինակներին, չէ կարող բարոյական մաքրութեան վկայական տալ և այնպիսիներին, որոնք. մատնութիւնները և նրանց հետ կապված սարսափելի հետևանքները գործ էին ածում իբրև պաշտպանողական միջոց։
Լուսաւորչական հայերն էլ իրանց պաշտպանելու