դէմ և բացականչում է թէ նրանք «ոչ մի բանից այնքան չեն վախենում, ինչպէս մեր (կաթօլիկ) քահանաների սուրբ առաջադիմութիւնից»։ Այս խօսքերի մէջ նստած է XVII դարի կաթօլիկը, թէև նա մի և նոյն ժամանակ գիտուն բուսաբան էլ էր։ Ուրիշ կերպ չէ կարելի հասկանալ թէ ինչպէս էր, որ այդ գիտնականը իր ճանապարհորդութեան ժամանակ ոչ մի տեղ չը զգաց, թէ երբ մի ժողովուրդ յամառութեամբ կպած է իր կրօնին, իր հաւատալիքներին , նրան զօռով, ակամայ, բռնի կերպով կրօնափոխ անելը անարդարութիւն է և թէ չէ կարելի այդքան վրդովվել «սուրբ առաջադիմութեան» խանգարման համար, քանի որ այդ առաջադիմութիւնը սուրբ լինել չէր կարող հէնց այն պատճառով, որ ձեռք էր բերվում քաղաքական ինտրիգների միջոցով, մի ամբողջ ժողովրդի պառակտման, արտասունքների գնով․․․
Ի զուր, սակայն, կարծում էին Քրիստոսի տեղապահները թէ պարսից շահերը այն աստիճան երեխաներ են, որ իրանց ձեռքով կը հասցնեն կրօնափոխութեան պտուղը և կը գցեն պրօպագանդայի բերանը։ Պարսիկն էլ կրօն ունէր և նոյնպէս պարտաւորված էր իր կրօնին հետևողների թիւը աւելացնել։ Եթէ հայերը որս էին, ինչո՞ւ նրանք չը պիտի որսացվէին Մուհամմէդ մարգարէի համար, այլ պիտի յանձնվէին գեաւուր պապի ձեռքը։ Ջուղայի խռովութիւնները, մատնութիւնները հէնց այդ միտքը տուին պարսիկներին, և Շահ-Յուսէինը կամեցաւ հրաման արձակել,