մենք չենք գտնում Ջուղայի գոված գիտնականի մօտ։ Այլ ևս չենք խօսում այն մասին, որ մինչև իսկ սխօլաստիկան էլ չէր կարող ցոյց տալ այդ գրքի մէջ մի հատ նորութիւն, մի գոհար։
Բայց ի՞նչպէս էր, որ մի այդպիսի սովորական միջակութիւն արժանացաւ այդքան մեծ պատիւների։ Այս հարցի պատասխանը պէտք է որոնել ժամանակի դրութեան մէջ։
Ջուղան հետզհետէ ընկնում էր։ Կարճատև էր այդ փարթամ ու փայփայված գաղթականութեան փայլը հայկական հօրիզօնի վրա։ Նա մի գիսաւոր աստղի կեանք ստացաւ․ և աւելի չէր կարող ունենալ, քանի որ այնքան մօտիկ հարևան էր պարսից մայրաքաղաքին։ Զրկեցէք վաճառականին արտօնութիւններից, և նա կը դառնայ ջրից հանած ձուկ։ Պարսից կառավարութիւնը մի ժամանակ քաջալերում էր հայ վաճառականներին, բայց դա մի ժամանակ էր։ Շահ—Աբբաս մեծի ժամանակը։ Այժմ ուրիշ աչքով էին նայում Ջուղային․ թագաւորները ծծել էին ուզում հարստացած հայերին, և Ջուղան ընկնում էր, իսկ նրա ազգաբնակութիւնը ուղևորվում էր դէպի հարուստ Հնդկաստանը։
Անկումը ամեն կողմով էր։ Ամենափրկչեան դպրոցը համարեա այլ ևս չը կար։ Մենք գիտենք արդէն, որ նա մեծ առաջադիմութիւն էր միայն ժամանակի ընդհանուր անգրգիտութեան համեմատությամբ․ բայց իսկական «տիեզերալոյսներ» տալու վիճակից, ի հարկէ, շատ հեռու էր Պարսկաստանի խորքում կղզիացած, դրսից որ և է լոյս